Այսօր «ԵԼՔ» դաշինքի առաջին համատեղ համաժողովում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասել է. «Խոստացել եմ ու պարտավորվել ձեզ փոխանցել մորս բարեմաղթանքները, որ հիվանդանոցում է հիմա, բայց նույնիսկ հենակներով պատրաստ էր գալ ու մասնակել մեր հանրահավաքին:
Սովորաբար ասում են՝ պատմությունը կրկնվում է, բայց ոչ մի կրկնություն ամբողջական չէ՝ միշտ լինում է կամ նորություն, կամ փոփոխություն: Եթե փոփոխությունը ծանրակշիռ է, փոխում է պատմությունը: Մենք ուզում ենք փոխել պատմությունը ու փակուղուց ելք տալ: Մնացածը կարող է նման լինել՝ նորից ընտրություններ են, 2003-ի, 2008-ի և 2013-ի նման՝ հանդիպումներ, ելույթներ, խոստումներ՝ դահլիճներ, փողոցներ, հրապարակներ։ Այս ընտրություններում մենք չենք կրկնելու՝ ինչ պիտի չանեինք ու անելու ենք՝ ինչ չենք արել մինչև հիմա:
ԵԼՔ-ի երիտասարդների մտքի ճկունությունը, պայքարի պատրաստակամությունն ու ոգևորությունը, տարեցների փորձն ու իմաստնությունը կարող են ու պիտի հաջողության երաշխիք դառնան: 99-ի հոկտեմբերի 27-ից հետո վերջապես սրտանց ուրախություն, փոփոխություն և հույս կարող են պարգևել բոլորիս՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Այս ընտրությունները բնույթով ու ձևով բացարձակ նոր են: Չփորձարկված: Ոչ ոք չի կարող համոզիչ, իրատեսական ու վերջնական կանխատեսել, թե ինչ ընթացք կունենան: Առավել ևս՝ ով ինչ արդյունք կգրանցի։ Այո, միանշանակ է, որ նոր ընտրակարգով իշխանությունը Հայաստանը բաժանել է 13 մասի: Ամեն մասում ներգրավվել է մեկ, որոշ դեպքերում մի քանի պետության ռեսուսների օգտագործմամբ և կոռուպցիայով հարստացած, դոլարային միլիոնատերերի ու պաշտոնյաների:
ՈՒ այդ հիմքով վստահ է, որ վարչական ռեսուրսի ու փողի ուժով հասնելու է հաջողության։ Իմ կարծիքով, ընտրության տարբերակ իրենք չունեն էլ։
Արդար ընտրությամբ հանրությունից քվե ստանալը իրենց դեպքում չի աշխատելու։
Այս իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության, և գալիս է իշխանության, որ փող աշխատի։ ՈՒ իրենք այնքան են ինքնավստահ փողի տարբերակի և նոր ընտրակարգի վրա, որ համաձայնել են ընտրությունների վերահսկման ընդդիմության առաջարկած տարբերակներին` ներառյալ տեսանկարահանումները և մասնակիցների ցուցակների հրապարակումը։ Նախորդ ընտրությունների նման մեռած հոգիներին բերման ենթարկելով և բացակաների փոխարեն ավտոբուսներով քվեարկությամբ հավելագրումների վրա չէ նրանց հույսը։ Իշխանությունը այս ընտրակարգով հույսը դրել է իր գործունեության հետևանքով աղքատության շեմին հասած ընտրողների ձայնը 10, 20, պետք եղավ՝ 50 հազարով առնելու վրա։ Ընտրողները որոշ դեպքերում ընտրակաշառք վերցնում են ոչ այնքան փողի կարիք ունենալու, որքան աշխատանք չկորցնելու, տեղական իշխանության հալածանքից ազատվելու համար:
Փաստ է, որ ընտրության իրավունք ունեցողների գրեթե 30 %-ը չի մասնակցում ընտրություններին, իսկ մասնակցածների 40 և ավելի տոկոսը պայքարող է, անկաշառ և խղճով քվեարկող։ Եթե ընդունենք, որ մասնակիցների 45 %-ը վարչական ռեսուրսի, վախի և ընտրակաշառքի պատճառով քվեն տալու է գործող իշխանությանը, մենք պետք է անկաշառ և պասիվ հատվածին ակտիվացնենք և համոզենք նախապատվությունը տալ ԵԼՔ-ին։ Ի՞նչ այլընտրանք ունի փողը մերժող և գաղափարով քվեարկող մեր ընտրողը: ՀՀԿ-ն ասելու է, որ ամեն ինչ լավ է, իրեն վստահելու դեպքում ավելի լավ է լինելու ու փող է բաժանելու: Ոչ իշխանականները ասելու են, որ վատը ՀՀԿ-ն է և Սերժ Սարգսյանի շրջապատը, նրանց փոխարեն իրենք գան, ամեն ինչ ավելի լավը կդառնա: ՈՒ նորից փող են բաժանելու։ Կան նաև ուժեր, որ կասեն՝ երկրի վիճակը աննկարագրելի վատ է, իշխանությունը դավաճան է, բայց այդ ուժերը մի քանի օր կամ տարի առաջ են դուրս եկել Բաղրամյան 26-ի շքամուտքից, իսկ հետնամուտքից հիմա էլ ելումուտ են անում։
Այս բոլոր ուժերը ունեն մեկ ընդհանրություն՝ Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը սիրով ու ինքնամոռաց նվիրել են Ռուսաստանին և մեր երկրի ներկան ու ապագան տեսնում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի շրջապատում ու մոդելով: Անգամ որոշ կուսակցապետեր Արցախի հարցի լուծումը առաջարկում են «Լավրովի պլան» կոչվածով, միայն թե Մոսկվային ցույց տան, որ իրենք ավելի լավ կծառայեն Ռուսաստանին, քան գործող իշխանությունը։ Այս բոլոր ուժերը իրարից չեն տարբերվում՝ նույն քաղաքական հենքը ունեն, նույն ռազմավարությունն ու մարտավարությունը, նրանց ընտրազանգվածը վախից ու փողով քվեարկող 45 %-անոց հատվածն է։ Նայելով այս ուժերին ակնհայտ ու պարզ է դառնում, որ ԵԼՔ-ը մենք ենք, ԵԼՔ-ն է այն ուժը, որ ազատ, անկաշկանդ ու ոչ ձևական է քննադատում իշխանություններին, որ գաղափարներին, սկզբունքներին ու նպատակին նվիրվածությունն ապացուցել է տարիների անդավաճան պայքարով, զրկանքներով, բանտերով, և վերջապես ԵԼՔ-ի կուսակցություններն էին, որ միավորվեցին հանրության պահանջին ընդառաջ` փոփոխության և պայքարի իմաստ, հույս, ոգի տալու մեր ժողովրդին։ Այս պայքարում ամենակարևորը սեփական ուժերին հավատալն ու ապավինելն է։ Հաղթում է ոչ թե նա, ով հարուստ է և մեծ ռեսուսներ ունի, այլ նա, ով ոգով է ուժեղ ու միակամ։ Մենք դա արդեն ապացուցել ենք։
90-ականների սկզբին ամբողջ աշխարհը ասում էր, որ հակառակորդը 6 միլիոն է, բնական ռեսուրսներով տասնապատիկ, ռազմականով կրկնակի գերազանցում է մեզ, սովետառուսական բանակի աջակցության պարագայում էլ մենք մի ամսում պարտվելու ենք: Բաքվի հերթով փոխվող ղեկավարներն էլ երազում էին Սևանում լողալ, բաց մենք հրապարակներում հանրահավաքներ անող ամբոխից ժողովուրդ դարձանք և պատերազմում հաղթելով ապահովեցինք Արցախի ինքնիշխանությունը ու անվտանգությունը։
Էն ժամանակ էլ, հիմա էլ, պատերազմում, թե ընտրական գործընթացում ելքը մեկն է` հույսներս մեզ վրա դնելը։ ՈՒստի վստահ ու համոզված ասում եմ՝ ընտրակաշառքով ընտրողներ, իմացեք, որ ձեր քվեարկությունը գաղտնի է և որևէ մեկը չի կարող վերահսկել։ Ընտրակաշառք չվերցնողներ, քաղաքական և քաղաքացիական գիտակցություն և ազնվություն ունեցողներ, ԵԼՔ-ի հույսը ձեզ վրա է։ Ձեզ եմ դիմում և խնդրում` ակտիվ մասնակցեք ընտրությանը: Սա գործող իշխանության իրական փոփոխության միակ քաղաքակիրթ և անվտանգ հնարավորությունն է։
Մեզ հետ միասին պայքարեք ու վստահեք մեզ, մենք նույնքան անկեղծ, մինչև վերջ նվիրումով, մեզ և մեր հնարավորությունները չխնայելով, ձեզ և ձեր ներուժը արկածախնդրության չտանելով` կծառայենք ձեզ` գործընթացը տանելով անվտանգ և արդյունքներ ապահովող ճանապարհով։
Խոստանում եմ ձեզ, որ մենք մեր ակտիվ քարոզարշավով, մեր շարքերի և համախոհների թիվը օր օրի ավելացնելով, մեր ելույթներով և հարցազրույցներով` աշխատելու ենք վերադարձնել հույսն ու ոգին, ակտիվացնել հանրությանը` մասնակից ու գործընկեր դարձնելով։ Վստահ եմ, որ իշխանությանը քվե չտված հանրության մեծ մասի համակրանքը և վստահությունը կարողանալու ենք դարձնել ԵԼՔ դաշինքինը։
Բոլորդ էլ գիտեք, որ ես երկու անգամ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել` առաջին անգամ հրաժարվելով նիստերին մասնակցելուց, երկրորդ անգամ մանդատից։ Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ իմ խնդիրը ոչ թե պատգամավոր դառնալն է, այլ իրական, համակարգային փոփոխությունների հասնելը և եվրոպական մոդելի պետություն ունենալը։ Ես չէի մասնակցի այս գործընթացին, եթե չտեսնեի ու վստահ չլինեի, որ անկաշառ և ազնիվ ընտրության դեպքում ԵԼՔ դաշինքը ԱԺ-ում ունենալու է պատկառելի ներկայություն, որ իշխանությունը միայն ընտրակաշառք և վարչական ռեսուրս օգտագործելու դեպքում անգամ իր գաղափարակից ոչիշխանականների հետ գնելու է առավելագույնը 45 % քվե։ Իսկ եթե իշխանությունը, իր սովորության համաձայն, զոռբայությամբ և բռնի ուժով նորից կեղծիքների գնա, այս ընտրությունների և նրանց մասնակիցների քանակը ու առանձնահատկությունը հաշվի առնելով` բողոքողների և հրապարակ դուրս եկողների թիվը շատ մեծ է լինելու` ներգրավվելով անգամ իշխանության շարքերում դաբրո չստացածներին, ոչիշխանականների ղեկավարների կամքից դուրս, նրանց ցուցակներում պարտված թեկնածուներին և ընտրությունները անարդար համարող համարյա 800 թեկնածուների մեծ մասին, իրենց թիմակիցներով, ազգ ու տակով։ Կարծում եմ՝ կասկածողներ չկան, որ մենք միանշանակ այդ ժամանակ ժողովրդի հետ և հրապարակում ենք լինելու։
ԵԼՔ-ը հակված է իր պայքարը տանել խաղաղ, հավատով և հարգանքով։ Մենք հակված ենք անցնցում և առանց ընդհարումների փոփոխությունների հասնելու, ու եթե իշխանությունը ընտրի այլ ճանապարհ, միևնույն է` դա այլևս իրեն չի օգնելու:
Փոփոխությունը լինելու է։ Որովհետև հասել է ժամանակը, որովհետև ինչպես ասել է եղբայրս՝ Վազգենը. «Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու` զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին` արժանապատիվ պատմություն, առջևում` տարածություն»։
Մենք այլևս տարածություն ու ժամանակ չունենք, մեզ պետք է ինքնիշխան, զարգացող ու արժանապատիվ Հայաստան այսօր ու այստեղ: ՈՒ ընդհանրապես ԵԼՔ-ը բոլորիս ՄԵՆՔ դառնալն է ու ՄԵՆՔ-ի հաղթանակը: Աստված մեզ օգնական ու բարի երթ բոլորիս»: